մաս 1-ին
Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:
Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:
Այս անգամ էլ հայրը Էմիլին գցել էր ցախատուն, և նա իր հիսունչորսերորդ մարդուկն էր պատրաստում: Շուտով Էմիլը ձանձրացավ և ուզեց դուրս գալ ցախատնից: Ծնողներն, ըստ երևույթին, հյուրերով էին զբաղված և մոռացել էին նրան: Նա սպասեց, սպասեց, բայց ոչ ոք չեկավ դուռը բացելու: Էմիլը որոշեց ինքնուրույն ազատվել բանտից: Տախտակների կույտի վրայով նա մոտեցավ պատուհանին, բացեց այն, ուզեց ցած թռչել, բայց երբ ցած նայեց, պատուհանի տակ եղինջի մի ամբողջ թփուտ տեսավ: Էմիլը մի անգամ թռել էր եղինջների մեջ և հիմա ոչ մի ցանկություն չուներ կրկնել իր հերոսությունը …
— Ես հո խելագար չեմ, — ինքն իրեն ասաց Էմիլը, այստեղից դուրս պրծնելու ուրիշ միջոց կգտնեմ:
Advertisementsabout:blankREPORT THIS AD
մաս 2-րդ
Նա մտքի մեջ ընկավ, հետո մի անգամ էլ չորս կողմը նայեց: Հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ ցախատանը շատ մոտ գտնվող մառանի պատուհանը բաց է: Նրա գլխում իսկույն մի միտք փայլեց. Մի պատուհանից մյուսը տախտակ դնել և դրա վրայով մտնել մառան: Ճիշտն ասած, նա շատ էր հոգնել ցախատանը նստելուց և լավ էլ քաղցած էր:
Էմիլը երկար մտածել չէր սիրում: Մի վայրկյան անց տախտակը դրված էր, և Էմիլը սողում էր նրա վրայով:
Տախտակը ճռճռում ու ճկվում էր: Երբ Էմիլը ցած նայեց ու տեսավ եղինջի բարձր թփերը, վախից ճոճվեց, բայց շարունակեց սողալ և վերջապես հասավ մառան: Նա ետ հրեց տախտակը, որն անհետացավ ու շրխկոցով ընկավ ցախատան տախտակների վրա: Էմիլը գոհ էր իրենից, նա վազեց դեպի դուռը, բայց դուռը փակ էր:
— Այդես էլ գիտեի, — հոգոց հանեց Էմիլը:- Բայց ոչինչ, շուտով նրանք կգան երշիկ վերցնելու, այն ժամանակ գնդակի նման դուրս կթռչեմ այստեղից:
Նա սկսեց հոտոտել: Մառանը լցված էր համեղ հոտերով: Շուրջը նայեց: Այ քեզ բա՜ն: Ինչքա՜ն ուտելիք կա: Իսկ մեջտեղի դարակում տնական երշիկներն են: Ինչ ճիշտ է, ճիշտ է՝ Էմիլը տնական երշիկ սիրում է:
մաս 3-րդ
………… և հանկարծ Էմիլի մայրը բացականչեց.
— Վա՜յ, ախր մենք մոռացել ենք Էմիլին: Նա վաղուց ցախատանն է:
Հայրը վազեց ցախանոց, նրա հետևից սլացավ քույրիկ Իդան:
— Էմի՛լ, արդեն կարող ես դուրս գալ,- կանչեց հայրը՝ լայն բացելով ցախանոցի դուռը:
Պատկերացնու՞մ ես՝ նա ինչպես ապշեց: Էմիլը ցախատանը չէր:
— Անպիտանը պատուհանով է փախել,- մտածեց նա:
Բայց երբ պատուհանից նայեց ու տեսավ եղինջի բարձր ու անվնաս մացառուտները, լրջորեն անհանգստացավ:
— Չեմ պատկերացնում՝ նա ուր կարող է կորչել, — բացականչեց հայրը:
— Այստեղ ոչ մի հետք չկա: Կարող եմ հաստատ ասել, որ այստեղով մարդ չի անցել:
Քույրիկ Իդան սկսեց լաց լինել: Ի՞նչ է պատահել Էմիլին…
Իրենց ծառան տխուր երգ էր երգում մի աղջկա մասին: Այդ աղջկան գցել էին նկուղ, նա սպիտակ աղավնի էր դարձել ու երկինք թռել, որ չնստի այդ սարսափելի բանտում: Չէ՞ որ Էմիլին էլ էին փակի տակ պահել: Ի՞նչ իմանաս, գուցե նա էլ է թռչուն դարձել ու թռել: Իդան շուրջը նայեց, բայց չալպուտուրիկ հավից բացի ոչ մի թռչուն չտեսավ: Քույրիկ Իդան ավելի ուժգին լաց եղավ ու ցույց տվեց հավին.
— Գուցե սա Էմիլն է:
Էմիլի հայրը, իհարկե, այդ կարծիքին չէր, բայց , չգիտես ինչու, վազեց մայրիկի մոտ:
— Դու չե՞ս նկատել, Էմիլը թռչել կարողանու՞մ էր:
— Գուցե պետք է մառանում փնտրել,- ասաց Լինան՝ նրանց ծառան:
Դա բոլորովին էլ հիմար միտք չէ: Բոլորը նետվեցին մառան, բայց Էմիլը մառանում էլ չէր:
մաս 4-րդ
Քույրիկ Իդան հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Երբ ոչ ոք նրան չէր նայում, վազում էր չալպուտուրիկ հավի մոտ ու շշնջում.
— Չհեռանաս մեզանից, Էմի՛լ: Ես քեզ համար շատ կուտ կբերեմ, միայն թե չթռչես-գնաս:
Հավը ոչինչ չէր ասում, հենց այնպես կռթկռթում էր:
Էմիլին փնտրում էին ամեն տեղ, բոլորն ուղղակի ուժասպառ եղան:
— Գուցե նա գետն է ընկել, — ասաց Լինան:
— Նրան արգելել էինք գետ գնալ, դու դա գիտես, — ասաց մայրը:
Լինան տմբտմբացրեց գլուխը.
— Գիտեմ, այ հենց դրա համար էլ այնտեղ է գնացել:
Բոլորը վազեցին գետափ: Էմիլի հետքերը այնտեղ էլ չկային: Բոլորը լաց էին լինում:
Այլևս տեղ չկար, որ Էմիլին փնտրած չլինեին:
— Հիմա ի՞նչ անենք, — հուսահատված հարցրեց մայրը:
— Առաջին հերթին պետք է ուժերը վերականգնել, — որոշեց հայրը:
Մայրը սկսեց սեղան պատրաստել: Քիչ հետո դիմեց Լինային.
— Լինա՛, ախր մենք մոռացել ենք երշիկ բերել: Վազի՛ր մառան ու բեր:
Լինան վերադարձավ առանց երշիկի:
— Եկե՛ք իմ հետևից, տեսե՛ք՝ ինչ եմ ցույց տալու:
Բոլորը գնացին: Լինան բացեց մառանի ծանր դուռը ու ներս մտավ: Մառանում նա կանգնեց մեծ պահարանի առաջ, քմծիծաղով բացեց նրա դռները, ցույց տվեց մեջտեղի դարակը, որտեղ մայրիկը ապխտած երշիկներ էր պահում:
Դարակում երշիկ չկար: Փոխարենը այնտեղ էր Էմիլը:
Նա քնած էր, պառկել էր երշիկի կեղևների դեզի վրա ու քնել: Նրա մայրը երջանիկ էր: Կարևոր չէ, որ Էմիլը կերել էր ամբողջ երշիկը: Մայրիկի համար կարևորը Էմիլի գտնվելն էր, քան մի քանի կիլոգրամ երշիկը: Ասենք, հայրիկի համար նույնպես:
— Ահա, Էմիլն է պառկած, — ծղրտաց քույրիկ Իդան: — Նա հավ չի դարձել … առայժմ չի դարձել: